Օրը գիտնականի հետ. 14 աշակերտներ հնարավորություն ունեն մի քանի օր ապրել «գիտնականի կյանքով»

09:30, 31 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա գիտնական» ծրագրի շրջանակում Երևանից  ու Հայաստանի տարբեր մարզերից 14 աշակերտներ մի քանի օր հնարավորություն ունեն անցկացնել գիտնականի հետ՝ ապրելով հենց «գիտնականի կյանքով»: Աշակերտները, երկուսից երեք օր աշխատելով գիտնականների հետ, կարողանում են տեսնել, լսել և իմանալ, թե իրականում գիտնականը ինչո՞վ է զբաղվում իր լաբորատորիայում, և, պրակտիկորեն մասնակցելով գործընթացներին, հասկանալ, թե ի՞նչ է իրենից  ներկայացնում գիտությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ մասնակից աշակերտներին հյուրընկալել են ավելի քան տասը ինստիտուտներ:

«Ծրագիրը մեկնարկել է մոտ մեկ ամիս առաջ: Աշակերտները տարբեր մարզերից եկել են Երևան չորս օրով: Նրանք անցկացնելու են երկուսից երեք օր գիտնականի հետ,  այնուհետև կունենանք ամփոփիչ հանդիպում, որտեղ փորձելու ենք աշակերտներից հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունեցել նախագիծը իրենց վրա: Մոտավորապես հինգից վեց ժամ աշակերտները  անցկացնում են գիտնականի հետ: Նրա հետ նույնիսկ թեյ են խմում, սուրճ են խմում, միասին հաց են ուտում, այսինքն՝ ապրում են գիտնականի առօրյայով»,- ասաց Հռիփսիմե Մկրտչյանը:    

TAT_6705.JPG (446 KB)

Գիտությունների թեկնածու, միջուկային ֆիզիկայի մասնագետ Արթուր Մկրտչյանը մեկն է այն գիտնականներից, ով այս օրերին հյուրընկալել է երեխաներին: Նա նշեց, որ իրենց շատ ուրախացրեց այն փաստը, որ կան շատ երեխաներ՝ հատկապես մարզերից, որոնց գիտությունը իսկապես հետաքրքրում է:

«Նպատակն այն է, որ մենք շփվենք երեխաների հետ ու ցույց տանք, թե ինչով ենք մենք զբաղվում՝ նրանց մոտ ստեղծելով գիտնական դառնալու հետաքրքրություն ու մոտիվացիա: Ես անձամբ նախընտրում եմ նրանց հետ շփվել որպես կոլեգա, հասկանալ նրանց պատկերացումները։ Բացատրում եմ, թե ինչ ենք մենք անում ու ցույց տալիս, թե որն է այդ ամենի հետաքրքրությունը։ Որպեսզի հասկանաս տիեզերքը, չես կարող առանց գիտության, որպեսզի պաշտպանես քո հայրենիքը, էլի չես կարող առանց գիտության: Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչն է ձեր պրոդուկտը, ես պատասխանում եմ, որ մեր պրոդուկտը  խելացի մարդն է: Եթե մենք կարողանում ենք պատրաստել երեք, հինգ  կամ տասը երեխաների, ովքեր հետաքրքրված են գիտությամբ, դա հրաշալի է և՛ մեր, և՛ մեր երկրի համար»,- ասաց մասնագետը:

TAT_6581.JPG (559 KB)

Ըստ նրա՝ գիտնականների հետ շփումն ու լաբորատորիաներում փորձարկումները երեխաներին հնարավորություն են տալիս ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ ու հստակ պատկերացնել ապագայի պլանները գիտության հետ:

TAT_6640.JPG (510 KB)

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնական  Նարեկ Մարգարյանը նշեց, որ երեխաների հետ երկու օրվա աշխատանքներից հետո կարող է ասել, որ հրաշալի սերունդ է, որն իրապես հետաքրքրված է գիտությամբ:

TAT_6736.JPG (438 KB)

Մասնակից աշակերտները տպավորված էին և նշեցին՝ ծրագիրը և գիտնականների հետ շփումը միանշանակ հստակեցրեցին իրենց նպատակները գիտության ոլորտում:

[gallery id= 66787]

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


© 2009 ARMENPRESS.am