Փաշինյանը ԵԽ նախագահի հետ խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից

09:22, 26 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:  

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ 

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:


© 2009 ARMENPRESS.am