Եթե չգնանք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցել համաշխարհային մրցաշարին. Արայիկ Բաղդադյան

11:16, 28 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի Բաքվում կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակցության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ընդգծեց, որ Բաքվի վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում թիմերն իրավունք չեն ստանա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այսպես ասած՝ եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարեր մասնակիցների ցանկից:

«Մասնակցության վերջնական որոշումը ֆեդերացիան չէ, որ պետք է կայացնի: Եթե չմասնակցենք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Օրինակ ` աշխարհի առաջնության մասնակից ըմբիշների թվից ավելի մեծ թվով չենք կարող մասնակցել Բաքվի մրցաշարին, իսկ աշխարհի առաջնությանը չենք կարող մասնակցել ավելի շատ մարզիկներով, քան եղել ենք եվրոպական ստուգատեսում»,-ասաց նա:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը: UWW-ի ներկայացրած ցուցակով եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կկայանա Բաքվում, ասիական մրցաշարը` Բիշկեկում, Աֆրիկայինը և Օվկիանիայինը` Կահիրեում, պանամերիկյան Ակապուլկոյում:

Համաշխարհային վարկանիշային մրցաշարը կընդունի Ստամբուլը: 2023-ի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Խաղերի համար:


© 2009 ARMENPRESS.am