Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել պատժամիջոցները՝ ռազմական գերատեսչությունների մակարդակով երկրների միջև բանակցությունները վերսկսելու համար

14:54, 29 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պետք է չեղարկի Չինաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի վերսկսի բարձր մակարդակի ռազմական բանակցությունները երկու երկրների միջև:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BNN Bloomberg հարթակից, այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյուն։

«Ամերիկյան կողմը գիտի Չինաստանի զինվորականների հետ իր հարաբերություններում առկա դժվարությունների պատճառը. այն, փաստորեն, միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ», - ասել է նա։

«Նման խոչընդոտները պետք է վերացվեն՝ նախքան երկու երկրների միջև որևէ փոխանակում և համագործակցություն կկայանա», - նշել է դիվանագետը։

Լյու Պենյուն չի հստակեցրել, թե հատկապես ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Մինչդեռ գործակալությունը ենթադրում է, որ խոսքը Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի դեմ պատժամիջոցների մասին է։

Լի Շանֆուն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել, քանի որ երբ նա ղեկավարում էր ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի պատրաստման և մատակարարման վարչությունը, Չինաստանը Ռուսաստանից գնել է Սու-35 ինքնաթիռներ և սարքավորում C-400 զենիթահրթիռային համակարգերի համար:

Բայդենի վարչակարգը բազմիցս փորձել է ընդլայնել հաղորդակցության ուղիները Չինաստանի հետ այն բանից հետո, երբ Պեկինը խզեց այդ ուղիներից շատերը՝ բողոքելով այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի դեմ:

Երկու երկրների միջև ռազմական շփումներն ընդհատվել են այն բանից հետո, երբ 2023 թ. փետրվարին ԱՄՆ-ն իր տարածքում խոցեց չինական օդապարիկը։ Դրանից հետո Չինաստանը մերժել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի` չինացի գործընկերների հետ հեռախոսով կապվելու մի քանի փորձերը։


© 2009 ARMENPRESS.am