ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

19:39, 31 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ, շրջափակմանը զուգահեռ, միտումնավոր խափանվել է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, ամբողջությամբ դադարեցվել է մինչեւ իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը: Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքներին` նշվել է, որ հացահատիկի ունեցած պաշարն արագ սպառվում է, իսկ վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով եւ հասցնել խանութներ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:

Նամակում նկարագրվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն Ադրբեջանի կողմից, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին անմիջապես կասեցնել հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է ԼՂ-ում բնակվող հայերի` 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատեւել Լեռնային Ղարաբաղում: Մենք մեծապես կարեւորում ենք գործընկեր խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում:

Ակնկալում ենք Ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


© 2009 ARMENPRESS.am