Էստոնիան չի ծրագրում երկրից արտաքսել ռուսներին

20:12, 7 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան մտադիր չէ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսել Լատվիայի և Լիտվայի օրինակով:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 7-ին ERR պորտալին ասել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմետսը։

Օգոստոսի սկզբին Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ Բելառուսի 910 և Ռուսաստանի 254 քաղաքացիներ ճանաչվել են սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը։ Նախատեսվում է նրանց վտարումը Լիտվայից։ Հանրապետության միգրացիայի վարչությունը հատուկ հարցաշար է պատրաստել ռուսաստանցիների և Բելառուսի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ստանալ Լիտվայի վիզա կամ կացության թույլտվություն, որում նրանք պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։ Լատվիան նույնպես վերջերս որոշել է չեղարկել Ռուսաստանի 5-6 հազար քաղաքացիների կացության թույլտվությունը, և նրանց կխնդրի լքել Լատվիան։ Ուկրաինայում իրադարձությունների սկզբից հետո Լատվիան ավելացրել է լեզվի իմացության պահանջները, և լատվիերեն լեզվի քննությունը չհանձնած քաղաքացիներին կառաջարկվի լքել Լատվիան։

Լյաենեմետսի խոսքով՝ Էստոնիան չի նախատեսում նման միջոցներ ձեռնարկել։ «Մենք չենք քննարկել այս առաջարկը ինչ-որ հարցաթերթիկներ կազմելու լույսի ներքո: Իրականում սա չի տալիս իրական պատկեր այն մարդկանց մասին, որոնք կարող են վտանգ ներկայացնել: Այս մարդիկ շատ լավ են ստում և պատասխանում են այնպես, ինչպես մենք ուզում ենք լսել կամ տեսնել հարցաթերթիկում»,- նշել է նախարարը:


© 2009 ARMENPRESS.am