ՀՀ ԱՍՀ նախարարը և Իրանի դեսպանն անդրադարձել են մշակվող փոխըմբռնման հուշագրերին

20:45, 11 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր  դեսպան Մեհդի Սոբհանիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք․ «Հայաստանի և Իրանի միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն: Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է ու բազմոլորտ․ մասնավորապես, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք զարգացման հսկա ներուժ, որը, լիահույս եմ, կկարողանանք համատեղ էլ ավելի զարգացնել՝ ելնելով մեր երկրների լավագույն շահերից»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Ըստ աղբյուրի՝ դեսպանը ևս պատրաստակամություն է հայտնել համատեղել ջանքերը՝ ոլորտային զարգացման հեռանկարով․ «Մինչ Հայաստան այցելելը հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության գործընկերների հետ և լիարժեք պատրաստ եմ կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկել եք»,- ընդգծել է դեսպանը։

Նշվում է, որ այս համատեքստում կողմերը քննարկել են 2023թ. փետրվարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանց ընթացքը։  Նախարարը ներկայացրել է նաև Ժնև կատարած այցի ընթացքում  իրանցի գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքներն ու նախանշված անելիքները։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել նաև մշակվող փոխըմբռնման հուշագրերի գործողություններին և միջոցառումներին, անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, համագործակցության զարգացման հեռանկարներին և հնարավորություններին։


© 2009 ARMENPRESS.am