Գավառում նշվել է խաղողօրհնեքի տոնը
15:31, 14 Օգոստոս, 2023ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 13-ին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քարոզախոսության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մեկնել է օրվա տոնի խորհուրդը` մաղթելով ներկաներին Սուրբ Կույսի բարեխոսությամբ առաքինասեր և խոնարհ ընթացք:
Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել է խաղողի օրհնության կարգ, օրհնված ողկույզները բաժանվել են մասնակից հավատացյալներին: Այնուհետ կատարվել է մատաղի օրհնության կարգ ու բաշխվել ներկաներին:
Սրբազան արարողության ավարտին եկեղեցու երգչախմբի կողմից հնչել են Աստվածամորը նվիրված տաղեր, շարականներ, որից հետո գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարային համույթի սաները:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am