Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է առագաստանավում գտնվող 20 միգրանտի

20:45, 14 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը  Հռոդոս կղզու մոտ փրկել է առագաստանավում գտնվող 20 միգրանտի:

Նրանց տեղափոխողները, որոնք երկուսն են եղել, ձերբակալվել են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Աթենք-Մակեդոնյան լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվականի՝ Հռոդոս նավահանգստի վարչակազմն ազդանշան է ստացել Հռոդոս կղզու Արխանգելոս գյուղի մերձակայքում գտնվող ծովային տարածքում ուղևորներով առագաստանավի առկայության մասին։

«Առափնյա պահպանության շարժիչանավակն անմիջապես մեկնել է այդ կետ, հայտնաբերել և կանգնեցրել է առագաստանավն ու անցել  20 մարդու փրկելու գործին  (12 տղամարդ, 4 կին, 4 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվել են նաև երկու օտարերկրացիներ, որոնք, ենթադրաբար, անօրինական միգրանտներին տեղափոխել են առագաստանավով:

Հռոդոսի կենտրոնական նավահանգստի վարչակազմը, որը նախաքննություն է անցկացնում, առգրավել է առագաստանավը։

 


© 2009 ARMENPRESS.am