Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի մասնակի օրինականացման մասին

18:22, 16 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։

«Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտերբախը: Միաժամանակ, ըստ նախարարի, ոչ ոք չպետք է սխալ ընկալի օրենքը, քանի որ կանեփի օգտագործումը տակավին վտանգավոր է։

Գերմանիայում կանեփի օգտագործումը օրինականացնելու նախագիծը մշակվել էր Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու համար։ Գերմանիայի առողջապահության նախարարն ասել էր, որ կանեփը Գերմանիայում կարող է օրինականացվել 2024 թվականին։

Այս տարվա ապրիլին Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է երկրում կանեփի օրինականացման ծրագրերը։ Օրինագծի համաձայն՝ 18 տարեկանից բարձր օգտագործողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի մինչև 25 գրամ քաշով կանեփ պահելու և երեք բույս ​​աճեցնելու համար։


© 2009 ARMENPRESS.am