Մենք շարունակում ենք պայքարը անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար. ՀՀ ԱԺ նախագահ

11:03, 23 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:

Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:

Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:

Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի:

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին»:


© 2009 ARMENPRESS.am