Վրաստանում հայտնաբերվել է օգոստոսի սկզբին սողանքի հետևանքով 32-րդ զոհվածի մարմինը

17:04, 10 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռաչա տարաշրջանում փրկարարները սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին։ Օգոստոսի սկզբին Լեռնային Շովի հանգստավայրի շրջանում սողանք էր տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր սողանքի վայրում արդեն հայտնաբերվել է 32 մարմին, շարունակվում են ևս մեկ անհետ կորածի որոնումները:

Օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքը հանգեցրել է մարդկային զոհերի, ավերել քոթեջներ, տներ, ճանապարհներ և կամուրջներ: Վրացի երկրաբանների գնահատմամբ՝ լեռներից հաշված րոպեների ընթացքում կիրճ է իջել մոտ հինգ միլիոն խորանարդ մետր հող։


© 2009 ARMENPRESS.am