Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

18:35, 13 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին:

Նշվում է, որ խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը և ի թիվս այլ հարցերի` խոսել նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից և մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:

 

 


© 2009 ARMENPRESS.am