ԼՂ-ից տեղահանվածների կարիքները կհոգա աշխատանքային խումբը, օգնության հավաքագրում անհրաժեշտ չէ. ՀՀ ԱՍՀ նախարարություն

22:10, 21 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։

«Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- ասվում է գրառման մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am