ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

18:15, 27 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հովանու ներքո:

Ըստ աղբյուրի՝ համաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

Խորհրդարանների նախագահների առաջին եվրոպական համաժողովը տեղի է ունեցել 1975 թվականին:

Նշվում է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am