ԱՍՀ նախարարը Լիբանանի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ՀՀ-ում տեղավորման և օգնության հարցեր

19:45, 28 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։

«Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ մանրամասնելով առաջնային կարիքների հաշվառման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ըստ աղբյուրի՝ Հեկտոր Հաջարը նշել է, որ Լիբանանը ևս անցել է մի շարք մարտահրավերների միջով, և որպես սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչություն, իրենք պատկերացնում են Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված հետագա քայլերը։ 

 


© 2009 ARMENPRESS.am