Չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. ԱԺ նախագահ

14:32, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Հայաստանի ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների:

«Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաև` մեր անվտանգության և տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության և այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով և ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ և թունավորել խաղաղ գործընթացը»,-ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծել է՝ միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում:  

«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առևանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետևանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում»,-եզրափակել է Սիմոնյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am