Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

15:17, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները: Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:


© 2009 ARMENPRESS.am