ՀՀ ԱԺ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրը

18:14, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

«Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

 

 


© 2009 ARMENPRESS.am