Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու

21:14, 1 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում 363 բուժառու: Նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114 ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են: Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով, այդ թվում՝ նաև սրտի ստենտավորման համար են մուտք գործել բուժհաստատություններ»,- ներկայցրեց նա:

Բաղդասարյանի խոսքով` հիվանդների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք։ Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ ժամանել է Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am