Նախատեսվում է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության կարգը

13:40, 8 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մոտ 300 ուսանող կրթությունը շարունակելու համար արդեն դիմել է համապատասխան հայաստանյան բուհեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- հավելեց փոխվարչապետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:


© 2009 ARMENPRESS.am