Շախմատի ազատազրկված անձանց հավաքականն անցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

20:38, 11 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի ազատազրկված անձանց Հայաստանի հավաքականը Շախմատի ակադեմիայում հոկտեմբերի 11-ին առցանց եղանակով մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, առաջնությանը մասնակցում են նաև Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իրանի, Սլովենիայի և Ջերսիի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Ազատազրկված անձանց Հայաստանի թիմն արդեն չորրորդ անգամ է մասնակցում միջազգային առաջնությունների՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ակտիվ համագործակցության, որը սկիզբ է դրվել դեռևս 2015 թվականին։

«Մինչ առաջնությունը քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար անցկացվել են շախմատի ներհիմնարկային և միջհիմնարկային մրցաշարեր։ Այդ մրցաշարերի արդյունքում ընտրվել և Հայաստանի հավաքականի թիմում ընգրկվել են առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը՝ «Նուբարաշեն», Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը՝ «Արմավիր», Հակոբ Աբաջյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել է ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Սարգիս Մանուկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մրցման բացմանը և ընթացքին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ամբակում Գրիգորյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, ՔԿԾ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Նշվում է, որ Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմը, հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի, Ջերսիի, Իրանի և Պորտուգալիայի թիմերի նկատմամբ, անցել է եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։

Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 13-ին։


© 2009 ARMENPRESS.am