Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում բացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ

20:55, 26 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ դրանք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am