Ռուսաստանի հետ հարաբերություններում կան որոշ խնդիրներ. Հայաստանի ԱԳ նախարար

11:22, 3 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այս պահին կան որոշ խնդիրներ, Հայաստանը որևէ այլ դիրքորոշում չունի, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկելը, հասկանալն ու հարթելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը, խոսելով արտաքին քաղաքական ոլորտում համագործակցությունից, նախ ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ, որի հետ բազմաթիվ և բազմոլորտ կապերով է կապված:

«Հիմա, իհարկե, տեսանելի է՝ այս հարաբերություններում կան որոշ խնդիրներ: Շատ բաներից մենք բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ` Ռուսաստանի Դաշնությունում էլ նույնպիսի վերաբերմունք կա: Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերները զարմանում են, հետևանքն է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիաեթերներում և այլն: Մենք որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկելը, հասկանալը, հարթելը, բարեկամաբար ու գործընկերաբար առաջ շարժվելը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ սա է հայկական կողմի դիրքորոշումը, աշխատում են այս ուղղությամբ, հուսով են՝ կստացվի: Մեկտեղ ընդգծեց, որ այն երկկողմ աշխատանք պետք է լինի:


© 2009 ARMENPRESS.am