ԵԱՀԿ ԽՎ նախագահը և գլխավոր քարտուղարը այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

11:26, 18 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, այցելել են Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։ 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ։ 


© 2009 ARMENPRESS.am