ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի գործընկերոջ հետ նախանշել է հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը

20:48, 30 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դիտարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, նախանշվել հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։  Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին։

«Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով, որ օրերս Հայաստան կատարած այցի շրջանակում Ժան Չենգֆուն եղել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը խոսել է իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։

Նշվում է՝ հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտների զարգացմանը։

 


© 2009 ARMENPRESS.am