Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում

20:37, 8 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 8-ին նախարարությունում տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

«Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն:

Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանն, ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ, Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը, բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից, մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականներ:

Փախստականների համաշխարհային ֆորումը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 13-ից 15-ը, անցկացվում է չորս տարին մեկ անգամ և փախստականների հարցերի վերաբերյալ ամենամեծ միջազգային հավաքն է: Ֆորումի նպատակն է նպաստել 2016 թվականի Նյու Յորքի հռչակագրի և 2018 թվականի Փախստականների համաշխարհային համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ երկրների կողմից կամավոր հանձնառությունների ստանձման միջոցով:


© 2009 ARMENPRESS.am