ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ գործունեության  հարցեր, «Խաղաղության խաչմերուկ»-ը

19:04, 21 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am