Փրկարարները կորած զինծառայողի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից

15:48, 14 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ցղունի գյուղի վարչական տարածքում hունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), որի հետ կապը կորել էր հունվարի 13-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am