Հայաստանի պատմության ու Չեխիայի ազգային թանգարանները կստորագրեն համագործակցության հուշագիր

16:41, 17 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանն ու Չեխիայի ազգային թանգարանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը սպասվում է Երևանում փետրվարի սկզբին, երբ կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ սա երկու երկրների թանգարանների միջև համագործակցության նոր մակարդակ է ապահովում։

«Ցուցահանդեսի հավաքածուն սպասում ենք հունվարի վերջ։ Այն շրջագայող ցուցահանդես է և հաջորդ հանգրվանը Հայաստանում է։ Ցուցահանդեսը կազմակերպվում է  Հայաստանում Չեխիայի դեսպանատան ու Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ։ Բավական հետաքրքրիր ցուցանմուշներ են ներկայացվելու՝ նվիրված Չեխիայի ամրոցներին ու դղյակներին»,-ասաց Դավիթ Պողոսյանը։

Ցուցադրությունում ներկայացված են լինելու Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Ցուցադրության մեջ ընդգրկված վայրերի ընտրությունը կատարվել է՝ ելնելով դրանց պատմական նշանակությունից և գեղարվեստական արժեքից։ Դրանք ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերն են՝ Պրահա, Չեսկի Կրումլով, Լիտոմիշլ, Տելչ, այլ նաև մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու:


© 2009 ARMENPRESS.am