ՌԴ փոխարտգործնախարարները Թուրքիայի դեսպանի հետ քննարկել են Անդրկովկասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը

19:14, 22 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ նույն օրը Թուրքիայի դեսպանին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ։

Ինչպես մանրամասնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հաստատվել է աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։

 


© 2009 ARMENPRESS.am