Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների հանդեպ ոտնձգությունների հետ կապված գործի պատճառով

21:47, 10 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված գործով դատապարտված տղամարդուն համաներում շնորհելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Նովակը 2023 թ. ապրիլին համաներում է շնորհել մոտ երկու տասնյակ մարդու, որոնց թվում է եղել նաև մանկատան փոխտնօրենը, որն օգնել է հաստատության նախկին տնօրենին թաքցնել իր հանցագործությունները։ 

Վերջին անգամ որպես նախագահ դիմելով ժողովրդին՝ Նովակը խոստովանել է, որ «սխալ է գործել»։ 

«Ես համաներում եմ շնորհել, որը շատ մարդկանց մոտ տարակուսանք և անհանգստություն է առաջացրել։ Ես սխալ եմ գործել», - ասել է Նովակը։

Վերջին օրերի ընթացքում Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին Նովակի հրաժարականը, իսկ փետրվարի 9-ին հազարից ավելի ցուցարարներ երթով գնացել էին դեպի նախագահի գրասենյակ՝ պահանջելով նրանից վայր դնել լիազորությունները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փորձելով զսպել երկրում առաջացած քաղաքական աղմուկը, փետրվարի 8-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխություն, որով նախագահը զրկվում է երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար համաներում շնորհելու իրավունքից։ 

46-ամյա Կատալին Նովակը Հունգարիայի առաջին կին նախագահն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։

Բացի նախագահից, իշխող կուսակցության պատգամավորի մանդատից հրաժարվել է նաև երկրի նախկին արդարադատության նախարար Ջուդիտ Վարգան, որը նույնպես ստորագրել էր համաներման որոշումը։ 


© 2009 ARMENPRESS.am