Փաշինյանն ապօրինի է համարում Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությանը հակասող հայտարարությունները

23:16, 11 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված էին խաղաղության գործընթացին, բայց դա ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի, ապա Բրյուսելի, ինչպես նաև հետագա հանդիպումների մերժումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որոնցով նա ռազմագործողությունների սպառնալիք էր հնչեցրել Հայաստանի վերազինվելու դեպքում, ապա մերժել խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահմանագծման իրականացումը և վերահաստատել դեպի Նախիջևան միջանցքի պահանջը:

Վարչապետը կրկին արձանագրել է, որ  բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում:

«Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ: Տեսեք, երբ ես խոսում էի Պրահայի քառակողմ հայտարարության մասին, հենց դրա մասին է Պրահայի քառակողմ հայտարարությունը: Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին... Գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- պարզաբանել է Փաշինյանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանի հայտարարությունն այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին  պետք է հրապարակային հայտարարի:

Ըստ վարչապետի՝ քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ապա հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է:

 

 


© 2009 ARMENPRESS.am