Կյանքից հեռացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը

10:51, 15 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Կյանքից հեռացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ, ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ  Լավրենտի Միրզոյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Միրզոյանի որդին՝ Աշոտ Միրզոյանը:

Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ», «Էրեբունի» թերթերը, եղել է հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։

Հեղինակ է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք», «Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։

 


© 2009 ARMENPRESS.am