«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում

17:23, 23 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականները ծնված հիթերը, նոր երգեր:

Խմբի անդամներ Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն է և բոլորին հրավիրում են միասին նշելու այն:

«Մաշինա վրեմենի»-ն ռուսական ռոքի ամենահայտնի խմբերից մեկն է։ Այն հիմնադրել են Անդրեյ Մակարևիչն ու Սերգեյ Կավագոէն 1969 թվականի մայիսի 27-ին:

Խմբի ստեղծագործություններում համադրված են ռոքը, բլյուզը, ռոքնռոլը և հեղինակային երգի տարրերը։ Խմբի անփոփոխ առաջնորդն է Անդրեյ Մակարևիչը, որը երգերի տեքստերի ճնշող մեծամասնության հեղինակն է։ Երաժշտության հեղինակներն են Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Եվգենի Մարգուլիսը, Անդրեյ Դերժավինը և Պյոտր Պոդգորոդեցկին։

Խումբը 1990 թվականի գարնանը համերգներով ներկայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 


© 2009 ARMENPRESS.am