«Արմենպրես» լրատվական գործակալությունը դարձել է «Գոտի և ճանապարհ լրատվական ցանց»-ի անդամ

16:22, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը պաշտոնապես դարձել է «Գոտի և ճանապարհ լրատվական ցանց»-ի (Belt and Road News Network (BRNN)) անդամ։

Մեդիա ասոցիացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Պեկինում, սկսել է գործել 2019 թվականից։ Այսօր «Գոտի և ճանապարհ լրատվական ցանց»-ի անդամ են 109 երկրի 253 մեդիա կազմակերպություն։ BRNN-ի խորհրդում նախագահում է «Ժենմին Ժիբաո» (թրգմ․՝ «Ժողովրդական օրաթերթ») պարբերականը, որը Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթն է։

Ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակը՝ «Արմենպրես»-ի անդամակցությունը կառույցին հնարավորություն կտա ավելի ինտենսիվ դարձնել գործընկերային շփումները BRNN անդամ լրատվամիջոցների հետ, ինչպես նաև թույլ կտա հայաստանյան իրադարձությունների, հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը հասանելի դարձնել ընթերցողների ավելի լայն շրջանակի։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, որը հիմնադրվել է 1918 թվականին, հայաստանյան միակ լրատվամիջոցն է, որը լրատվության փոխանակման վերաբերյալ համագործակցության ավելի քան երեք տասնյակ համաձայնագրեր ունի այնպիսի երկրների լրատվական գործակալությունների հետ, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Ռումինիան, Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Արգենտինան, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Իսրայելը։

«Արմենպրես»-ի լրատվական բովանդակությունն արդեն թարգմանվում է ինը լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն և չինարեն։

Լրատվական գործակալությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան թղթակցական կետերում աշխատող լրագրողների շնորհիվ ակտիվորեն լուսաբանում է տեղական, տարածաշրջանային, միջազգային կարևորություն ունեցող իրադարձություններն ու զարգացումները։ 


© 2009 ARMENPRESS.am