Բալթիմորի կամրջի փլուզումից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, 2 մարդ փրկվել է

15:34, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Մերիլենդի նահանգի Բալթիմոր քաղաքում բեռնանավի հարվածի հետևանքով կամրջի փլուզումից հետո մարդիկ ու մեքենաները հայտնվել են գետում։ Փրկարարները ջրից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել է գիշերը։ Բալթիմորի իշխանությունները հաղորդում են, որ գետն է ընկել առնվազն 7 մեքենա, սակայն նրանց հստակ թիվն առայժմ հնարավոր չէ ասել։

Ավելի վաղ Բալթիմորի հրշեջ ծառայությունից Reuters-ին հայտնել էին, որ գետում կարող է լինել 20 մարդ և բազմաթիվ մեքենաներ, իսկ որոնողական գործողությունը կարող է տևել մի քանի օր։

Մերիլենդի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ դաշնային ռեսուրսներն ավելի արագ մոբիլիզացնելու համար։

Բալթիմորի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպն ահաբեկչության նշաններ չի պարունակում։

Կամրջի փլուզման մասին ահազանգեր են ստացվել տեղի ժամանակով 1։30-ի սահմաններում։ Կամրջին հարվածել է Սինգապուրի դրոշի ներքո նավարկող «Դալի» բեռնանավը։ «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը կրում է ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակի անունը։ Կամուրջը բացվել էր 1977 թվականին։


© 2009 ARMENPRESS.am