Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

16:41, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը (SNCF) դադարեցրել է Նորմանդիայում մի քանի ուղղություններով գնացքների երթևեկությունը՝ երկրի արևմտյան տարածաշրջաններում մոլեգնող «Նելսոն» փոթորկի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

«Փոթորիկի պատճառով հինգշաբթի օրը խաթարվել է գնացքների երթևեկությունը մի քանի երթուղիներով։ Խոսքը Նորմանդիայի մասին է, որտեղ կան երթուղիներ, որոնցով երթևեկությունը դադարեցված է ամբողջ օրվա ընթացքում»,– հաղորդում է լրատվամիջոցը։

BFMTV-ի տվյալներով` խաթարվել կամ փոխվել է երթևեկությունը նաև հարևան Բրետանի և Պեի դը լա Լուարի տարածաշրջաններում։

Փոթորկի պատճառով երկրի ատլանտյան ափի առնվազն վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել: Տեղ-տեղ քամու պոռթկումները հասել են ժամում 183 կիլոմետրի։


© 2009 ARMENPRESS.am