Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

10:38, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 36-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ հարձակման են ենթարկվել շիաների  «Հեզբոլլահ» աշխարհազորայիններին պատկանող զենքի պահեստները: «Հեզբոլլահ»-ի մարտիկների շրջանում զոհերի թիվը 5 է։

Ըստ ականատեսների՝ հարձակումից հետո մի շարք հուժկու պայթյուններ են լսվել Հալեպից դեպի հարավ-արևելք գտնվող Նեյրաբ միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող Ջիբրինի շրջանում:

Իր հերթին Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 01:45-ին Իսրայելը հարվածներ է հասցրել ցամաքային թիրախներին Համայի նահանգի Ատրիյա քաղաքի կողմից, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ SANA-ի՝ իսրայելական ինքնաթիռների հարձակմանը զուգահեռ ահաբեկչական կազմավորումները Իդլիբի կողմից և Հալեպի արևմուտքից ավիահարվածներ են իրականացրել Հալեպի վրա։

SANA-ն հիշեցնում է, որ մարտի 28-ին Իսրայելի հարվածի հետևանքով Դամասկոսում երկու խաղաղ բնակիչ էր զոհվել։


© 2009 ARMENPRESS.am