Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը

20:59, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:

«Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը: Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։

Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։


© 2009 ARMENPRESS.am