ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում
18:48, 4 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։
«Հրադադարի շուրջ բանակցությունները, ցավոք, ավելի շուտ փակուղի են մտնում, քան առաջ են շարժվում՝ չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին»,- հայտարարել է Համդանը։
Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության ձեռքբերմանը:
«Չնայած մեր բոլոր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Նեթանյահուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին և գործարքի կնքմանը, ինչպես նաև չի ձգտում ազատել իսրայելցի գերիներին։
© 2009 ARMENPRESS.am