Վրաստանի բնակիչները երթ են անցկացրել՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

20:35, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի բնակիչները երթ են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի երկայնքով, որն ուղղված էր օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սկզբում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, ապա շարժվել դեպի Վրաստանի խորհրդարան։ Ակցիային մասնակցել են հասարակական կազմակերպությունների անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, ուսանողներ և օրինագծի այլ հակառակորդներ։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին խորհրդարան էր ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն անցյալ տարվա մարտին զանգվածային անկարգություններ էր առաջացրել։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը, իսկ օրինագծի մնացած բովանդակությունը մնում է նույնը։

2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ցրվել են ոստիկանների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման էր ենթարկվել 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները օրինագիծը հետ կանչեցին խորհրդարանից։

 

 


© 2009 ARMENPRESS.am