Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման պատմության մեջ Հայաստանն առաջին երկիրն է, որը հիմնովին ստեղծելու է կեցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ

17:26, 10 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ապրիլի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։

Եղիազար Վարդանյանը վերահաստատել է նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում օժանդակելու կոմիտեի պատրաստակամությունը։ Այդ համատեքստում կարևորել է համագործակցությունը ՖԽՄԿ-ի հետ՝ պահանջվող չափանիշներին համապատասխան Ֆրանկոֆոնիայի ավան կառուցելու առումով։

Պատվիրակության անդամներին ներկայացվել են մշակված էսքիզային նախագծերը, մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների տեղաբաշխումը։ Նախատեսվում է բնակելի հատվածից բացի տարածքն ապահովել հանգստի գոտիներով, բուժկետով, սպորտային, գրասենյակային հատվածներով, կայանատեղիներով, տարբեր ծառայություններով։ Դիտարկվել են մասնակիցների տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն կփոխանցի կահավորման, տեխնիկական ապահովման և անհրաժեշտ հարմարությունների վերաբերյալ ցանկը, որն ուղենիշային կլինի տարբեր գերատեսչությունների համար աշխատանքների կազմակերպման նպատակով։ Հանդիպման ընթացքում կատարված շեշտադրումները հաշվի առնելով՝ կմշակվի առավել մանրամասն նախագիծ։

ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան ընդգծել է՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման պատմության մեջ Հայաստանն առաջին երկիրն է, որը ոչ թե օգտագործելու, այլ հիմնովին ստեղծելու է մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը 2027թ. Հայաստանում հաջողությամբ կկայանան։


© 2009 ARMENPRESS.am