ԲՏԱ նախարարությունը նախատեսում է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել

17:40, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել Հայաստանի 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում, շուրջ 300 մասնակցի համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

««Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ մասնավոր հատված» ծրագրում կատարվել են փոփոխություններ: Այս տարի ծրագիրն իրականացվել է հետևյալ ուղղություններով՝ մասսայական ուսուցում, որի շրջանակներում նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, շուրջ 300 մասնակիցների համար»,- ներկայացրեց Հայրապետյանը:  

Կարողությունների զարգացման ուղղության մասով նախարարը նշեց՝ դրամաշնորհներ կհատկացվեն ՏՏ ոլորտին նոր աշխատողների ներգրավման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով:  

«Գործնական հմտությունների կատարելագործում բաղադրիչի ներքո նախատեսում ենք եռօրյա միջոցառումներ կազմակերպել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական կենտրոնների մասնակցությամբ»,- եզրափակեց նախարարը:  


© 2009 ARMENPRESS.am