ՀՀ ֆինանսների նախարարն ու ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը քննարկել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

19:33, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներին և ընդգծվել, որ թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ աննախադեպ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար:

Ըստ աղբյուրի՝ կողմերը գոհունակություն են հայտնել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և վերահաստատել իրենց պատրաստակամությունը տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու նպատակով ջանքերը մեկտեղելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am