ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն
16:58, 23 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը ՀՀ ԳԱԱ 2023 թվականի մրցանակի հաղթողների անունները հրապարակել էր ավելի վաղ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվեց երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով և տարածության կորությամբ մակածված երևույթներ դաշտի տեսությունում» աշխատանքի համար։
Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեց Վազգեն Մելիքյանին՝ «Նանոչափային տեխնոլոգիաներով կառուցվող ինտեգրալ սխեմաների նախագծման միջոցներ» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Քրիստինե Մարգարյանին՝ «Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսներ․ գենետիկայից մինչև գենոմիկա» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեց Գայանե Ավետիսովային, Լուսինե Մելքոնյանին՝ «Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութի ստացման տեխնոլոգիայի մշակումը և դրա ներդրումը արտադրության մեջ» աշխատանքի համար։
Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Հրանուշ Խառատյանին՝ «Էթնոկերտման/ազգակերտման գործընթացները Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում XX դարում- XXI դարասկզբին» աշխատանքի համար։
[gallery id= 67889]
Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 դրամ։
Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։
© 2009 ARMENPRESS.am