Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառված հիշողության կրակը տեղափոխվել է Գյումրի

14:38, 7 Մայիս, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառված հիշողության կրակը տեղափոխվել է Գյումրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ Լուսինե Սանոյանը Սուրեն Ջանոյանը մայիսի 7-ին հյուրընկալել են Մոսկվայից ժամանած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն։

«Այս խորհրդանշական կրակը ևս մեկ անգամ ապացուցում է հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամության և ամուր կապի մասին»,-ողջունելով հուրերին` նշել է Լուսինե Սանոյանը։

Ավելի ուշ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառմանը։

«Անհայտ զինվորի գերեզմանից բերված անմար կրակը դառնալու է հավերժ հիշողության և մեր նախնիների սխրանքի խորհրդանիշը։ Մենք պարտավոր ենք պահպանել և սերունդներին փոխանցել մեր պապերի կատարած սխրանքները»,- իր խոսքում ընդգծել է Սուրեն Ջանոյանը։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակին:      


© 2009 ARMENPRESS.am