Թուրքական քաղաքականությունը չի կարող ազդեցություն ունենալ Ֆրանսիայի տնտեսության վրա

16:25, 23 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար կան դրական եւ բացասական նախադրյալներ:  Ինչպես  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ֆրանսիական երկու կուսակցությունների եւ իշխող կուսակցության ընդհանուր պատրաստակամությունն ու ձայները համապատասխան փաստաթղթի օգտին  տրամադրելը վկայում են Սենատում օրինագծի ընդունման հավանականության մասին: «Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են իրենց նախնական եւ օրենսդրական կարծիքները օրինագծի ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ օրինագծի ընդումանը կարող է նպաստել բարենպաստ ֆոնը, որն առկա է հայ-ֆրանսիական հարաբերությունների միջեւ»,-ասաց Մարկարովը: Նրա խոսքով` բացասական նախադրյալն այն է, որ վերջերս Սենատի համապատասխան հանձնաժողովը բացասական կարծիք էր հայտնել  փաստաթղթի ընդունմանը:

Թուրքիան մի քանի պոտենցիալ գործողություններով նշել է, որ փաստաթղթի կիրառման դեպքում կդիմի համապատասխան միջոցների: Դրանց մի մասը վերաբերում է Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների նվազեցմանը, մյուս մասը` մշակութային հումանիտար ծրագրերի սահմանափակմանն ու չիրականացմանը, ինչպես նաեւ մի շարք տեխնիկական հարցերին: «Այս իմաստով թուրքական քաղաքականությունը հայտնի է, քայլերը, կարելի է ասել, ընթերցելի եւ հասկանալի են,  բայց դրանք չեն կարող ունենալ էական ազդեցություն ֆրանսիական տնտեսության վրա»,-ասաց քաղաքագետը:


© 2009 ARMENPRESS.am