Թրքուհիները երբեք չեն հրաժարվի ֆրանսիական օծանելիքից

12:48, 27 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պատժամիջոցները Ֆրանսիայի նկատմամբ չի կարելի այդպիսին համարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ այդ պատժամիջոցներն ավելի շատ գտնվում են հռետորական մակարդակի վրա: «Նրա հոխորտանքներից ոչ մեկը գործնական չէ: Թուրքիայի վարչապետը չի փակի «Պեժո»-ի եւ «Ռենո»-ի գործարանները Ֆրանսիայում, եւ թուրք կանայք չեն հրաժարվի ֆրանսիական օծանելիքներից` օգտագործելով թուրքականը»,-ասաց Շաքարյանը: Նա նշեց, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը քաղաքական որոշում էր, որով Թուրքիային կարգի է հրավիրում: «Եթե քաղաքական մակարդակում կա որոշում պատժել Թուրքիային, ապա Ֆրանսիան կունանա բավարար ուժ` պատժելու այդ երկրին մինչեւ վերջ: Ովքեր դեմ էին օրինագծին, ավելի շատ դեմ էին Սարկոզիի քաղաքականությանը, որը ներքաղաքական խնդիր է»,-ասաց թուրքագետը: Նրա համոզմամբ` Ֆրանսիայի օրինակին կհետեւեն Բելգիան եւ Հոլանդիան, ինչպես նաեւ այն երկրները, որոնք ռազմավարական կապեր չունեն Թուրքիայի հետ, եւ կընդունեն Հայոց ցեղասպանությունն այս ձեւաչափով:


© 2009 ARMENPRESS.am