Սպասվող լրահոս. 29.02.2016

09:01, 29 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Հանրային քննարկում՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Այսօր՝ փետրվարի 29-ին, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը  հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իրանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում էին նաև հայ թեկնածուներ: Արդյունքներն ամփոփելու է իրանագետ Ռուդիկ Յարալյանն՝ անդրադառնալով նաև հայ-իրանական հարաբերություններին ու հնարավոր զարգացմանը:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանը, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը և ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանը խոսելու են անցումային եղանակով պայմանավորված  ի հայտ եկող առողջական խնդիրների մասին:

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը,  սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալու են պատմությունից քաղած դասերին, մինչ օրս չլուծված խնդիրներին:

Անցկացվելու է « Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցվելու են թեմատիկ զեկույցներ: Գիտաժողովը վարելու են ճարտարապետներ Մարկո Բրամբիլան ԱՄՆ-ից և Արմեն Մինասյանը:

Մարիտ 1-ին ընդառաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ  Արամ Մանուկյանն  անդրադառնալու է 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին քաղաքական դասերին ու անդառնալի հետեւանքներին:

Լեգենդար գեղասահորդուհի,  եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան պատրաստվում է հանդիպել լրագրողների հետ: Նա խոսելու է իր այցելության նպատակի ու ապագա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am